Գազանալիճը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային մասում, Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս, Քաջարանից 11 կմ հյուսիս–արևմուտք, Գեղի գետի ակունքում՝ ծովի մակերևույթից 3112 մ բարձրության վրա։ Մակերեսը 1,8 հա է, խորությունը՝ մինչև 10 մ, ավազանը՝ 2 կմ², ծավալը՝ 57 5000 մ³։ Ջրափնյա գծի երկարությունը 1,1 կմ է: Լիճն ունի հրաբխային ծագում։ Առաջացել է հրաբխի խառնարանում և փաստորեն բաղկացած է 3 լճակներից։ Ամառը ջրի ջերմաստիճանը մոտ 13 °C։ Ջրերը քաղցրահամ են։ Ջրմուղով ջրերը տարվում են դեպի Կապան քաղաք:
Դեպի լիճ տանող ճանապարհին կարելի է հանդիպել բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ: Այստեղ ձևավորված են լեռնային, տափաստանային, լեռնաանտառային, մարգագետնատափաստանային, ենթալպյան, ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Ճանապարհը գերում է իր գեղեցկությամբ:
Լիճը շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայով, որը ձգվում է Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ է։ Կապուտան, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը նույնպես գտնվում են Զանգեզուրի լեռների կատարային մասում:
Այդ տարածքում է գտնվում Զանգեզուրի արգելավայրը: Արգելավայրը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, որը հիմնադրվել է 2009 թ.-ին: Արգելավայրի տարածքը 17 368,77 հա է, գտնվում է ծովի մակերևույթից 2600-3904 մ բարձրության վրա։ Արգելավայրը ստեղծվել է մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերի պահպանության նպատակով։
Տարածքում կարելի է զարգացնել էկոզբոսաշրջություն, որի համար խոչընդոտ են հանդիսանում սահմանամերձ գոտի լինելու հանգամանքը և հանքային արդյունաբերությունը: