Եկեղեցու մասին մատենագրական և վիմագրական տեղեկությունները բացակայում են, սակայն հետազոտողները, ելնելով հորինվածքային և ճարտարապետա-շինարարական առանձնահատկություններից, մեծ մասամբ թվագրում են 5-րդ դարով: Միայն Ստրիժիգովսկին է, որ կառույցը թվագրում է 6-րդ դարով` այն վերագրելով Ներսես Բ Աշտարակեցի կաթողիկոսի ժամանակաշրջանին: Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։
Եռանավ բազիլիկ եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում` առանց ծածկի ու հարավային պատի: Վերջինս փոխարինվել է նոր պատով, երբ, հավանաբար ուշ միջնադարում, եկեղեցին վեր է ածվել ամրոցի ու այդ կապակցությամբ արևմտյան ու հյուսիսային պատերին արտաքուստ կցել են նոր պատեր: Պատկանում է առանց արտաքին սրահների եռանավ բազիլիկաների այն տարբերակին, որում հատկագծային ողջ հորինվածքը` ավագ խորանի ու ավանդատների հետ միասին, ամփոփված է ուղղանկյուն պարագծի մեջ: Թորամանյանը, հուշարձանը 5-րդ դարին վերագրելով հանդերձ, միաժամանակ աբսիդի և ավանդատների գտնվելը արևելյան պատի ուղղագիծ սահմանում, համարում է բացառելի:
Հուշարձանի ներկա ավերված վիճակը հնարավորություն չի ընձեռում պարզորոշ պատկերացում կազմել նրա ծավալատարածական նախնական հորինվածքի մասին: Դատելով արևմտյան պատի վերնամասում անաղարտ ձևով պահպանված զույգ և դրանցից վեր տեղադրված մեկ լուսամուտներից, կարելի է ենթադրել, որ այն Երերույքի տաճարի պես բազիլիկային կտրված է ունեցել:
Ըստ ավանդության, Աշտարակ քաղաքի երեք եկեղեցիները` Սպիտակավորը, Կարմրավորն ու Ծիրանավորը կառուցվել են ի հիշատակ սիրո համար նահատակված երեք քույրերի: Ավանդությունը պատմում է, որ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը ևս սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում: