Եկեղեցու մասին մատենագրական և վիմագրական  տեղեկությունները բացակայում   են, սակայն  հետազոտողները, ելնելով հորինվածքային և ճարտարապետա-շինարարական առանձնահատկություններից, մեծ մասամբ թվագրում են 5-րդ դարով: Միայն Ստրիժիգովսկին է, որ կառույցը թվագրում է 6-րդ դարով` այն վերագրելով  Ներսես  Բ Աշտարակեցի կաթողիկոսի ժամանակաշրջանին:  Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։

Եռանավ բազիլիկ եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում` առանց ծածկի ու հարավային պատի: Վերջինս փոխարինվել է նոր պատով, երբ, հավանաբար ուշ միջնադարում, եկեղեցին վեր է ածվել ամրոցի ու այդ կապակցությամբ  արևմտյան ու հյուսիսային պատերին արտաքուստ կցել  են նոր պատեր: Պատկանում է առանց արտաքին սրահների եռանավ բազիլիկաների  այն տարբերակին, որում հատկագծային ողջ  հորինվածքը` ավագ խորանի ու ավանդատների հետ միասին, ամփոփված  է ուղղանկյուն պարագծի մեջ: Թորամանյանը, հուշարձանը 5-րդ դարին վերագրելով հանդերձ,  միաժամանակ աբսիդի և ավանդատների  գտնվելը արևելյան պատի ուղղագիծ սահմանում, համարում է բացառելի: 

Հուշարձանի ներկա ավերված  վիճակը հնարավորություն չի ընձեռում պարզորոշ պատկերացում կազմել նրա ծավալատարածական նախնական հորինվածքի մասին: Դատելով արևմտյան  պատի վերնամասում անաղարտ ձևով պահպանված  զույգ և դրանցից  վեր տեղադրված մեկ լուսամուտներից, կարելի է ենթադրել, որ այն Երերույքի   տաճարի պես  բազիլիկային կտրված է ունեցել:

 

Ըստ ավանդության, Աշտարակ քաղաքի երեք եկեղեցիները` Սպիտակավորը, Կարմրավորն ու Ծիրանավորը կառուցվել են ի հիշատակ սիրո համար նահատակված երեք քույրերի: Ավանդությունը պատմում է, որ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։  Այս լուրն իմանալով, փոքր քույրը ևս սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում: